 Ուզու՞մ եք տեսնել կարիքավոր երեխաների ուրախությունը, երբ Ձմեռ Պապիկը այցելում է իրենց... |
Սիրելի բարեկամներ,
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...
Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որևէ հրաշք չունի...
Ուզու՞մ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզու՞մ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:
Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:
Ավելի քան 10 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը ( www.fio.am ) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Այս տարի նույնպես դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ ենք իրականացնելու Հայաստանի և Արցախի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Ինչպե՞ս կարող եք մասնակցել դուք.
- դրամական նվիրատվություն կատարել (ընդամենը 1,000 դրամով դուք կարող եք հոգալ մեկ երեխայի ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը)*
- օգնել մեզ երեխաների համար կազմակերպվող միջոցառումների ժամանակ
- տարածել այս ակցիայի մասին բարի լուրը
* Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է ներկայացվելու:
Մասնակցելու և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 30-ը կապ հաստատել մեզ հետ:
|