Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ընկեր Նիշանտը` ֆուտբոլի պարապմունքների մարզիչ Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամ
Mr. Nishanth - Football Class Trainer
   Գոհունակությամբ պետք է տեղեկացնենք, որ «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության համերաշխ և նվիրյալ թիմ ընգրկվել է ևս մեկ կամավոր, այս անգամ ոչ թե հայ, այլ հնդիկ ազգի ներկայացուցիչ: Նիշանտ Կումարը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, իսկ մեր կամավորական աշխատանքներում նա իր մասնակցությունը կցուցաբերի` անցկացնելով Ֆուտբոլի պարապմունքները #12 հատուկ դպրոցի տղաների հետ:
   Առաջին անգամ, երբ Նիշանտը հանդիպեց տղաներին, վերջիններս բավականին կաշկանդված էին զգում իրենց` առաջին անգամ տեսնելով հնդիկ ազգի ներկայացուցիչ: Հաջորդ հանդիպումների ժամանակ նրանք շտկեցին իրենց վարքը և այժմ արդեն ընդունում են Նիշանտին, զրուցում են նրա հետ և երբեմն էլ թարգմանում նրա խոսքերը: Երեխաներն անչափ գոհ են իրենց նոր կամավոր մարզչից:
   Նիշանտի հետ երեխաների պարապմունքը, մարզական հմտություններից զատ, նրանց համար օտարերկրացիների հետ շփվելու հնարավորություն է, ինչը հավատացած ենք` նրանց հետագա հասուն կյանքի անբաժան մասն է լինելու:
Armenian Youth Cultural Foundation
   «Ապագան բաց է» ՀԿ-ի երեքշաբթի օրվա պարապմունքին ներկա էին նաև Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի ղեկավար Դերենիկ Փարջամյանն իր տիկնոջ հետ: Նրանք աշխույժ և եռանդով անցկացրեցին դասը, երեխաներին փոքրիկ պատմություն պատմեցին, որն իր մեջ բարոյախրատական դաստիարակչական մեծ խորհուրդ էր պարունակում, մասնավորապես սուտ չխոսելու և մեծերին հարգելու համամարդկային արժեքների մասին, ինչպես նաև սովորեցրին երեխաներին երկու հոգևոր երգ: Երեխաները խանդավառությամբ էին մասնակցում պարապմունքին և մեծապես տպավորված էին հյուրերով:
   Մեր հասարակական կազմակերպությունը նպատակ ունի յուրաքանչյուր երեքշաբթի երեխաների հետ հանդիպում կազմակերպել (ինչպես նաև «Ես և շրջակա աշխարհը» պարապմունքի շրջանակներում) տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և նշանավոր մարդկանց հետ, որպեսզի նրանք, տեսնելով այդ մարդկանց անցած ճանապարհը և ներկայիս աշխատանքային ձեռքբերումները, իրենք նույնպես ոգևորվեն և լավ սովորելու, պատշաճ կրթություն ստանալու ներքին պահանջ առաջանա, և այս երեխաները նույնպես կդառնան մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներ:
Կրթական տարվա երկրորդ կիսամյակի սկիզբ
Start of the 2nd Term of the Educational Year
   Սույն թվականի հունվարի 28-ին, «Ապագան բաց է» ՀԿ-ի ղեկավար անձնակազմը (Սամվել Մովսիսյան, Մարիետա Գրիգորյան և Հայկ Մաղաքյան) հանդիպում ունեցավ, որի ընթացքում քննարկվեցին հարցեր` կապված կրթական տարվա երկրորդ կիսամյակում իրականացվելիք կրթական ծրագրերի և միջոցառումների հետ:
   Երկուշաբթի օրվանից` փետրվարի 4-ից, պարապմունքները կսկսվեն մանկատներում և հատուկ դպրոցում:
   Մենք կշարունակենք ընդլայնել մեր ծրագրերը նաև այլ անապահով երեխաների համար այս կիսամյակ, քանզի տեսնում ենք երեխաների առաջընթացը և կրթական մակարդակի աճը: Մեր ծրագրերն ավելացել են ևս մեկով, որը կոչվում է «Ես և շրջակա աշխարհը», որի շնորհիվ երեխաները մեր օգնությամբ կտեղեկանան գիտության, քաղաքականության և այլ ոլորտների զարգացումներին ու կհետևեն աշխարհի վերջին կարևորագույն նորություններին:
   Բացի այդ, «Հատուկ տիպի մանկատանը» բացվել է 5-ից 8 տարեկան երեխաների նոր խումբ, որոնց մեր կամավորները կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կան նոր մտքեր և գաղափարներ, որոնք հուսով ենք կյանքի կոչել այս կիսամյակ և որոնք կծառայեն նրանց կրթական աճի խթանմանը:
Ամանորյա միջոցառումներ Առաջին կիսամյակի ամփոփում
New Year Events
   Դեկտեմբերի 22, 25 և 26-ին #12 «Հատուկ տիպի» դպրոցում, «Հատուկ տիպի» և «Մանկան Տուն» մանկատներում ամանորյա տոնակատարություններ էին կազմակերպվել երեխաների, ուսուցիչների, դաստիարակների և «Ապագան բաց է» ՀԿ-ի կամավորների համատեղ ջանքերով: Երեք հաստատություններում էլ հիանալի ելույթ ունեցան երեխաները Ամանորյա զվարթ երգ ու պարով, ասմունքով ու զվարճալի բեմականությամբ: Անգամ Ձմեռ պապն ու Ձյունանույշը այցելեցին երեխաներին` մատուցելով նրանց անակնկալ նվերներ, որոնք ձեռք էին բերվել մեր բարեկամների օժանդակությամբ:
Completion of the Autumn Term
   Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ կիսամյակի վերջին հանդիպումը «Ապագան բաց է» ՀԿ-ի անդամների միջև ՀԿ-ի գրասենյակում: Հանդիպման ընթացքում նախ և առաջ ՀԿ-ի առաջնորդ Սամվել Մովսիսյանը մանրամասն ներկայացրեց տարվա ընթացքում կազմակերպված բոլոր միջոցառումերը, ձեռքբերումները (ֆուտբոլի, բասկետբոլի և շախմատի պարապմունքների մեկնարկը, Վանաձորի համակարգչային դասընթացների հաջող ընթացքը և այլն)ներկայացրեց միջոցառումների կազմակերպման և այլ հարցերում օժանդակություն ցուցաբերած կառույցներին` Վիվասել ընկերությունը, «Վեբ» և «Արմինկո» ընկերությունները, Բրիտանական խորհուրդը:
   Այնուհետև պարապմունքների բոլոր պատասխանատուները ներկայացրեցին կիսամյակի իրենց առարկայի հաշվետվությունը, ծագած խնդիրները, ձեռքբերումները: Կամավորները հատկապես գոհունակությամբ էին հիշատակում վերջին բաց դասերը, որոնք անց էին կացվել բոլոր կառույցներում և սովորական դասերից ավելի հիշարժան էին: Կամավորների կողմից նշված խնդիրներից էին` երեխաների խմբերի բաժանման ոչ ճկունությունը, որոշ երեխաների պարբերաբար բացակայությունները պարապմունքներից, սակայն ընդհանուր առմամբ նրանք փաստեցին, որ մեծ հաճույքով են աշխատում երեխաների հետ, ճիշտ է, մեծ արդյունքների չեն հասել երեխաները, սակայն նրանք ավելի մեծ հաջողությունների կհասնեն, հենց որ կարողանան գիտակցել` ինչի համար են սովորում և ինչպես պետք է կիրառեն իրենց գիտելիքները կյանքում: Հարցն այն չէ` արդյոք այդ պարապմունքների արդյունքում նրանք կդառնան համապատասխան մասնագետներ թե ոչ, այլ, որ այդ պարապմունքերի միջոցով նրանք կսովորեն մտածել: Եւ վերջապես ամենաարժեքավոր ձեռքբերումը տարվա այն վստահությունն է, որ ձեռք է բերել ՀԿ-ն իր կամավորների հետ միասին մանկատների, հատուկ դպրոցների երեխաների, տնօրինության և ուսուցչական կազմի շրջանակներում, իսկ լավագույն գնահատականը, որ կարող է հնչել երեխայի շուրթերից հետևյալ արտահայտությունն է «Ընկեր Սամվել, այս տարի էլ եք եկե՞լ, մտածում էի` էլ չեք գա, որովհետև մեզ մոտ շատերն են գալիս, նկարում են մեզ չգիտեմ ինչի համար ու էլ չեն գալիս»:
   Վերջում ՀԿ-ի առաջնորդը բոլոր կամավորներին շնորհակալություն հայտնեց կիսամյակի ընթացքում հիանալի աշխատելու, համագործակցության պատրաստ բաց և նվիրված վերաբերմունքի համար:
Բաց Դասեր Հանդիպում ԵՊԼՀ-ի ուսանողների հետ
Public classes
   «Օգնենք երեխաներին» ծրագրի շրջանակներում գործող հայերենի, ռուսերենի, անգլերենի, համակարգչային եւ հոգեւոր, շախմատի, ֆուտբոլի և բասկետբոլի պարապմունքները կիսամյակի վերջում անցկացվեցին բաց դասի սկզբունքով, այսինքն, պարապմունքներին կարող էր գալ ցանկացած մարդ: Բաց դասերի ժամանակ կամավորները պարզապես ոչ պաշտոնական մթնոլորտում զրույցներ վարեցին երեխաների հետ, ամփոփեցին կիսամյակի ընթացքում անցած նյութերը, ինչ են սովորել, ինչ ակնկալիքներ ունեն այդ պարապմունքներից: Նմանատիպ բաց դասերը նաև առիթ են ընդհանուր ուսումնական գործընթացը, երեխաների և կամավորների աշխատանքը վերահսկելու համար` բացահայտելով բացթողումները հետագայում շտկելու նպատակով:
Meeting with the YSLU Students
   Ցավոք, այսօր մեր բուհերի ուսանողների զգալի մասը անտեղյակ է` ինչ է կատարվում հասարակության խոցելի շերտը կազմող մանկատների, հատուկ դպրոցների երեխաների կյանքում, որ նրանց մեջ կան շատերը, որ, լինելով 15, 16 տարեկան, անգամ գրել ու կարդալ վարժ չգիտեն: Խնդիրն այն չէ, որ նրանք անտարբեր են, այլ պարզապես նմանատիպ տեղեկատվության հոսք չկա դեպի բուհ կամ այլ կառույցներ: Այդ տեղեկատվության բացը լրացնելու նպատակով «Ապագան բաց է» ՀԿ-ն այսուհետ պարբերաբար այցեր կկատարի հանրապետության բուհեր և ոչ կրթական կառույցներ` հանդիպելու և զրուցելու ուսանողների կամ աշխատողների հետ: Նպատակը բնավ ՀԿ-ի հեղինակությունը բարձրացնելը չէ, այլ մեր ծրագրերի բովանդակության հետ նրանց ծանոթացնելն ու իրազեկելն է:
   Դեկտեմբերի 15-ին «Ապագան բաց է» ՀԿ-ի անձնակազմը ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի հրավերով այցելեց ԵՊԼՀ և հանդիպում ունեցավ մի խումբ ուսանողների հետ: Ներկայացվեցին ՀԿ-ի ներկա գործող ծրագրերը մանկատներում և հատուկ դպրոցներում, ծրագրերի հիմնական նպատակները, դժվարությունները և ձեռքբերումները: Ցույց տրվեց փոքրիկ տեսաֆիլմ ՀԿ-ի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումների մասին: Վերջում քննարկում կազմակերպվեց և ուսանողները իրենց արդեն հուզող հարցերն ուղղեցին ՀԿ-ի ներկայացուցիչներին: Ուսանողներից ոմանք ցանկություն հայտնեցին դառնալ մեր ՀԿ-ի կամավորներ այն սթափ գիտակցությամբ, որ իրենք նույպես կարող են դրական փոփոխության հեղինակ հանդիսանալ:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024