Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության
«Ձմեռ պապիկն այցելում է բոլորին 2008» ակցիայի արդյունքները
   2008թ. դեկտեմբերին «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը հանգանակություն նախաձեռնեց: Մեր կոչն էր՝ «Յուրաքանչյուրիս տրամադրած նույնիսկ 1000 դրամը կօգնի ժպիտներ պարգևել երեխաներին»:
   Նպատակը տարվա վերջին օրերի ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին 2008» խորագրով ակցիայի շրջանակներում Երևանի ու մարզերի վտանգված երեխաների (մանկատների և հատուկ դպրոցների սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ) համար ամանորյա փոքրիկ հյուրասիրությունների կազմակերպումն էր: Հանգանակության ընդամենը 10 օրերի ընթացքում հավաքվեց և նշված միջոցառումների համար ծախսվեց ավելի քան 200 հազար դրամ, ինչի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացվել նվիրատուներին:
   Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր այն գիտակից ու սրտացավ մարդկանց, ովքեր արձագանքեցին և հնարավորություն տվեցին իրականություն դարձնելու վերոնշյալ ակցիան: Ամանորյա տոների ժամանակ շատերն են հանկարծ հիշում հատկապես մանկատներում բնակվող երեխաներին և միջոցառումներ իրականացնում նրանց համար: Շնորհակալություն գիտակցելու համար, որ մեր նպատակը ոչ թե տոների առթիվ երեխաներին հիշելն ու նվերների միջոցով մուրացկանի մտածելակերպ պատվաստելն է, այլ ողջ տարվա ընթացքում նրանց կողքին լինելն ու որպես լիարժեք անձնավորություն կայացման համար կարևորագույն՝ կրթական նվաճումների խրախուսումը:
   Հարցը ոչ միայն դրամն է, այլև ձեր վերաբերմունքը, ինչպես այն մարդկանց, ովքեր նամակ էին գրում կամ զանգահարում ու պարզապես քաջալերող բառեր ասում:
   Դուք ուժ եք տալիս մեզ շարունակելու:

Ծանոթություն
   «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005թ.: Մի խումբ երիտասարդներ, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում գործող հատուկ կրթական հաստատությունների, մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, ստեղծեցին կրթական ՀԿ` աջակցելու վտանգված երեխաներին: Կազմակերպության հիմնական նպատակն է շարունակական աջակցության միջոցով օգնել այդ երեխաներին դառնալու հասարակության լիարժեք ու արժանապատիվ անդամներ:

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպություն
հասցե` Քաջազնունի 1, 3-րդ հարկ
հեռ.` [374](10)55-91-26 (14:00-18:00)
էլ.փոստ` info@fio.am
ինտերնետային էջ՝ www.fio.am

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել...

Santa Clause Comes To Everybody Santa Clause Comes To Everybody Santa Clause Comes To Everybody
Santa Clause Comes To Everybody Santa Clause Comes To Everybody Santa Clause Comes To Everybody

Միասին կարող ենք փրկել
We can save together
   Անգամ ծանր խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունները սովորաբար ներկայացվում են գրեթե վիճակագրական հաշվետվության նման՝ այսքան անձինք այնքան միջոցներով օգնում են կարիքավոր ինչ-որ խմբերի...

   Ինձ համար այս ամենը անձնական է:
   Երբ սովորում էի երկրորդ կուրսում, մի փոքրիկ խմբով որոշեցինք որևէ մանկատուն այցելել և մեր հնարավորությունների սահմաններում նրանց քաղցրավենիք ու նվերներ տանել: Երեխաները այնպես էին ոգևորվել, որ նույնիսկ անպատրաստից հանդես կազմակերպեցին մեզ համար... Տեսնել էր պետք միայն, թե ինչպես էին ելույթ ունենում բառերը նոր-նոր իրար շաղկապող փոքրիկները, ինչպես էին հուզվում նրանցից տարիքով ավագները... Ինչպես էին ուզում հաղորդակցվել մեզ հետ... Ու պատճառը բնավ էլ մեր տարած համեստ նվերների մեջ չէր. նրանք կարոտ էին մարդկային շփման իրենց ավագ քրոջ կամ եղբոր տարիքի երիտասարդների հետ (նրանց դայակների մեծ մասը ծնողների տարիքից էլ բարձր են), երեխաները ձգտում էին ուղղակի ջերմ ու պարզ զրույցի, ուզում էին կիսվել իրենց երազանքներով ու խնդիրներով... Ցավոք իմ բառերն անզոր են փոխանցելու այդ պահերի կախարդական հմայքն ու... անտանելի ցավը, երբ բաժանվելիս քեզ ընդամենը մեկ ժամ ճանաչող երեխան խնդրում է՝ «ապեր, տար ինձ ձեր տուն... » :
   Նույնիսկ լավագույն մանկատունը ի վիճակի չէ տալ այն ընտանեկան ջերմությունը, ծնողական սերն ու հոգածությունը, որոնց կարիքը ունեն այդ երեխաները: Մենք նույնպես: Բայց երբ հերթական փոքրիկից լսեցի, որ ուզում է դառնալ բանվոր կամ արհեստավոր, իսկ իբրև երազանքների գագաթնակետ՝ մանկատան տնօրեն, հասկացա, որ մեր նվերներն անիմաստ էին ու նույնիսկ աղետաբեր. նրանց անհատականության ձևավորման ամենակարևոր փուլում մենք՝ իբրև հասարակություն, այդ երեխաներին մուրացկանի մտածելակերպ ենք ներարկում: Նրանք ստիպված են ողորմության վրա հույս դնել, ամենահասարակ պրակտիկ գիտելիքներ չունեն (կան երեխաներ, որոնք երբևէ մանկատան դարպասներից դուրս չեն եկել), լավագույն դեպքում ստանդարտ դպրոցական կրթություն են ձեռք բերում (պատկերացնու՞մ եք երեխաներ, որոնք երբևէ գիրք չեն կարդացել): Ավելորդ է խոսելն անգամ ճիշտ արժեհամակարգի մասին, երբ երեխան չի տեսել անշահախնդիր բարություն ու հոգածություն... ապագա զինվորը չգիտի հայրենասիրության, իսկ ապագա մայրը՝ մայրության մասին... Ի՞նչ կարելի է ասել նրանց ապագա ձեռքբերումների հնարավորությունների մասին, երբ արվեստագետ դառնալ երազող երեխան դատապարտված է լավագույն դեպքում ուսումնարան ընդունվելու և կոշկակար դառնալու...
   Վստահ եմ, որ ընթերցողների գերակշռող մեծամասնությունը ընտանիք ունի, մի փոքր ավելի քիչ թվով, բայց նույնպես մեծամասնությունը եթե ոչ խրախուսվել, ապա գոնե հնարավորություն ստացել է բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու: Իսկ այնտեղ կան երեխաներ, որոնց մայրը աղբանոց է շպրտել, երիտասարդներ, որոնց ոչ ոք հնարավորություն չի տալիս տարրական ինքնագիտակցության մակարդակի հասնելու, հասունության շեմը նոր թևակոխած անպատրաստ չափահասներ, որոնք պարզապես մի փոքրիկ բնակարան են նվեր ստանում և լրիվ միայնակ մնում՝ դառնալու մուրացկան, հանցագործ, կամ էլ որևէ ցածրորակ աշխատանքով կիսաքաղց գոյություն պահպանելու...
   Բայց նրանք հանցագործներ չեն նման ձևով պատժվելու համար. նրանք մեր կրտսեր եղբայրներն ու քույրերն են, որոնք այդպես էլ չեն ստանում լիարժեք ապրելու՝ մեզ տրված հնարավորությունը:
   Իսկ մենք կարող ենք օգնել նրանց. պետք չեն ոչ ամպագոռգոռ բառեր, ոչ էլ ահռելի ֆինանսական միջոցներ. բավական է շաբաթական ընդամենը մեկ ժամ մեր անձնական հաճույքների փոխարեն տրամադրել նրանց կրթական մակարդակի բարելավմանը և մարդկային ջերմություն ու ավագ ընկերոջ խորհուրդներ տալուն:
   Մի՞թե դա անհնարին է ձեզ համար:

Պարապմունքների ընթացքը
The Course of the Lessons
   Պարապմունքները պատշաճ և բավարար իրականացնելու համար կամավորները ոչ մի ջանք չեն խնայում: Կազմակերպության ամբողջ թիմը ներգրավված է պարապմունքների անցկացման, համակարգման և ընդլայնման աշխատանքներին: Մենք գիտակցում ենք, որ շատ ու շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն կրթական պարապմունքների, և այդ խնդրի լուծմանը փոքր-ինչ աջակցելու մեծ ցանկությունը մեզ հանգիստ չի տալիս:
   Ցավոք սրտի, սեպտեմբերից մինչ այժմ հեռացվել են մոտ 10 կամավորներ, ովքեր կամավորական աշխատանքներ էին կատարում կազմակերպության կրթական ծրագրերում(անպատասխանատու և ոչ լուրջ մոտեցման պատճառով): Հեռացված կամավորների փոխարեն անմիջապես նշանակվում են սպասման ցուցակի մեջ գտնվող կամավորները, որպեսզի երեխաների պարապմունքները չտուժեն: Բոլորը պետք է գիտակցեն, որ «Ապագան բաց է» կրթական ՀԿ աշխատանքներին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ, այլապես նրանք կազմակերպությունում անելիք չունեն: Մեր անկեղծ աշխատանքն է, որ տալիս է հնարավորություն շարունակելու կրթական պարապմունքները երեխաների հետ:

   Հ.Գ. Մենք փորձում ենք մեր կատարած գործնական աշխատանքներով աջակցել(մասնակից լինել) Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ապագային ուղղված աշխատանքներին:

Վերապատրաստման դասընթացներ Կրթական ծրագիր Գավառում
Trainings
   Ինչպես և նախորդ տարիներին, նոր ուսումնական տարվան հաջորդող ամսվա ընթացքում անց է կացվում վերապատրաստման դասընթացներ «Ապագան բաց է» կրթական ՀԿ կամավորների համար:

   2008-2009 ուսումնական տարվա կամավորների վերապատրաստման դասընթացները սկսվեցին հոկտեմբերի 2-ից, որը անց է կացնում կազմակերպության ուսումնական ծրագրերի պատասխանատու Մարիետա Գրիգորյանը: Կազմակերպությունը շատ է կարևորում նմանատիպ դասընթացները, որոնք շատ բաներ են փոխում` սկսած պարապմունքների ընթացքից մինչև կամավորների շփումը երեխաների հետ: Վերապատրաստման դասընթացները շատ օգտակար և կարևոր են կամավորների համար, և իրենք, անձամբ արտահայտվելով այդ մասին, փորձում են իրենց լավագույնն անել երեխաների համար:

Educational Program in Gavar
   Հոկտեմբերի 12-ին «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի մի խումբ կամավորներ այցելեցին Գավառի Արծվաքար գյուղ` հանդիպելու 60-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների հետ: Երեխաները մեծ ուրախությամբ ընդունեցին կամավորներին: Կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին նրանց երազանքների և դրանց իրականացման անհրաժեշտ քայլերի մասին: Հանդիպումը շատ հետաքրքիր էր և հագեցած նրանց ակտիվ մասնակցությամբ ու անկեղծ հարցադրումներով: Ցավոք սրտի, նրանց երազանքները չէին բարձրանում փափուկ խաղալիք կամ գեղեցիկ հագուստ ունենալու ցանկությունից: Քննարկումների և կրթական խաղերի միջոցով նրանք սկսեցին մտածել, որ պետք է ունենան նպատակ և փորձեն փոքրիկ քայլերի միջոցով մեծ փոփոխություններ մտցնել իրենց և բոլորիս կյանքերում:
   Կազմակերպությունը չունի հովանավորներ, որպեսզի կարողանա ամիսը մեկ անգամ այցելել վերոնշյալ երեխաներին, որոնք կարող են դառնալ ՀՀ ապագա պիտանի քաղաքացիներ:

   Հ.Գ. Մենք պարբերաբար կանդրադառնանք ՀՀ մարզերում գտնվող երեխաների կրթությանը և կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել նրանց` ընդգրկելով կրթական պարապմունքների մեջ:

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2017